Հայաստանը չի կարող նվազեցնել իր պաշտպանական ծախսերը, ինչպես դա անում են Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ ներկայացնելով իր հանձնաժողովի եզրակացությունը 2013 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումը ստիպում են ավելացնել բյուջետային հատկացումները:

Մասնավորապես՝ բյուջեում լրացուցիչ գումարներ են նախատեսվում պայմանագրային զինծառայողների թվի ավելացման հետ կապված: Աճ կա նաեւ ռազմական կարիքներին տրվող ֆինանսավորման մեջ:

Ըստ Կ. Նահապետյանի՝ խնդիր կա նաեւ առավել թափանցիկ դարձնել պաշտպանությանն ուղղվող հատկացումները, թեեւ դրանք հիմնականում ծառայողական եւ պետական գաղտնիք են պարունակում; Մյուս խնդիրը ծախսերի արդյունավետության բարձրացումն է: «Միջոցները հարաբերականորեն քիչ են, բայց չի նշանակում, որ դրանց ծախսման նկատմամբ չպետք է լինի պատշաճ վերահսկողություն»,- ասաց Կ. Նահապետյանը:

Նշենք, որ պաշտպանական նպատականերով ՀՀ պետական բյուջեից 2013 թ. նախատեսվում է հատկացնել 184,6 մլրդ դրամ` 2012 թ. 154,4 մլրդ դրամի փոխարեն: