Ուկրաինայի մասնակցությունը TANAP գազատարին (Տրանսանատոլիական գազատար), որը վիթխարի հեռանկար ունի, ակտիվ քննարկվում է, ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլին «Օր» հրատարակչությանը տված հարցազրույցում:

«Տրանսանատոլիական գազատարը բեկումնային եւ շատ հետաքրքիր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ուկրաինայի համար: Այն ճանապարհ է դեպի Եվրոպա եւ թույլ է տալիս գազ մատակարարել Ուկրաինա առանց հավելյալ գազատար ենթակառույցի շինարարության: Չէ՞ որ Թուրքիայից Բուլղարիա եկող գազատար կա, Բուլղարիայից՝ Ռումինիա, Ռումինիայից՝ Ուկրաինա», - նշել է նա:

Հարցին՝ Ուկրաինան TANAP գազատարի շինարարության երրորդ կողմ դառնալու ինչ հնարավորություններ ունի, դեսպանը պատասխանել է, որ Ադրբեջանին է պատկանում նախագծի 80%-ը, եւ նա պատրաստ է դրա 29%-ը կիսել շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ: «Եթե Ուկրաինան, որպես գազի հիմնական սպառող, TANAP գազատարի շինարարության կոնսորցիումի մասնակից դառնա, մենք միայն ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանը շահագրգռված է Ուկրաինայի էներգետիկ անկախության եւ անվտանգության հարցում», - ասել է դեսպանը: