Ցանկացած քաղաքական գործիչ, այդ թվում Հայաստանի երկրորդ նախագահը, իրավունք ունի մեկնաբանել ցանկացած հարց եւ հայտնել իր կարծիքը հասարակական-քաղաքական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, ինքը նպատակահարմար չի համարում մեկնաբանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները՝ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ որեւէ առնչություն չունի ԲՀԿ-ի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցով քաղաքական խորհրդակցություններ կազմակերպելու նախաձեռնության հետ:

«Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց Նախագահն էր»,-ասել է Քոչարյանը, միաժամանակ հավելելով, որ «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»: