2012 թվականի 9 ամիսներին «Արմենալ» գործարանն ավելացրել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն ու արտահանումը  4,9 տոկոսով: Այս մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Արտադրության բացարձակ ծավալը կազմել է 19 543,8 տոննա:

2012 թվականի 9 ամիսներին Հայաստանից փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տոննա, ինչը 7,2 տոկոսով ավելի է 2011 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից: Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալում «Արմենալի» բաժինը կազմել է 5,7 տոկոս, իսկ Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալի մեջ՝ 87 տոկոս (մոտ 55 մլն դոլար):

Հայաստանի հարկային ծառայության տվյալներով, գործարանի կողմից բյուջե կատարվող հատկացումները այդ ժամանակահատվածում աճել է 16,4 տոկոսով՝ 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Ռուսալ Արմենալ» ընկերությունը Երեւանում ստեղծվել է 2000 թվականին՝ Քանաքեռի ալյումինի գործարանի հենքի վրա եւ փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Ընկերությունը ռուսական «Ռուսալ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: