Թուրքիան կարող է նվազեցնել Արաքսի եւ Ախուրյանի ջրային հոսքը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Խաչիկ Հարությունյանը։ Նրա տեղեկացմամբ՝ աշխարհում առաջիկա 15-20 տարում ջրի պահանջարկը կարող է բավարարվել կիսով չափ՝ պայմանավորված բնակլիմայական պայմաններով եւ արդյունաբերական ու կենցաղային նպատակներով ջրի օգտագործման աճով:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը կարող է լուրջ խնդիրների առջեւ կանգնել Թուրքիայի եսակենտրոն քաղաքականության պատճառով: Ըստ Ի. Խաչատրյանի՝ Թուրքիան փորձում է ջրի միջոցով ազդել տարածաշրջանային զարգացումների վրա:

Խաչիկ Հարությունյանն առաջարկեց զարգացնել Հայաստանում ջրամբարային տնտեսությունը, անցնել ջրի խնայողության ռեժիմի:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի մակերեսային հոսքը (գետերի հոսքը) 3,7 մլրդ խոր. մետր է, որից հնարավոր է կուտակել 1 մլրդ-ը, ինչն էլ հետագայում Հայաստանին կարող է զգալի օգուտներ ապահովել, այդ թվում՝ քաղաքական: