Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետքայլ չի կատարում եւ կրկին հայտարարել է, թե բանտերում հացադուլ հայտարարած բանտարկյալների եւ մի շարք քուրդ պատգամավորների արարքը շանտաժ է, որին իշխանությունները կուլ չեն գնալու։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ահաբեկչական կառույցն (նկատի ունի PKK-ն-խմբ.) այդ հացադուլ հայտարարածների հաշվին միավորներ է փորձում վաստակել։ «Ես խղճում եմ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը։ Նրանց հրահանգ է գալիս, այդ հրահանգը մտցնում են խորհրդարան։ Չկարծեք, թե այդ պատգամավորները (քուրդ պատգամավորները-խմբ.) կամք ունեն։ Քանդիլի (լեռներ Հյուսիսային Իրաքում, որտեղ թաքնվում են PKK-ի առաջնորդները) պարոնները ինչ ասեն, նրանք դա էլ անում են»,- ասել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի 72 բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներն արդեն 63-րդ օրն է հացադուլ են անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։ Բանտարկյալների հացադուլին են միացել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 8 պատգամավորներ եւ Դիարբեքիրի քաղաքապետը։





























