Վերջին տասնօրյակում մենք ականատես եղանք քաղաքական ուշագրավ զարգացումների. հանկարծահաս հայտարարություններ, ռեվերանսներ, քաղաքական հնարքների տարատեսակ դրսեւորումներ: Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Եւ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ոչ թե ձեւի հետեւից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության»,-նշել է Շարմազանովը:

Վերջինիս խոսքով, իրենք վճռական են նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու «մեր իսկ կողմից ձեւավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական եւ տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը»:

«Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության բնագավառում եւս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ եւ առաջ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նախագահ Սարգսյանը երեք հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է եւ պատրաստվում պատերազմի եւ երրորդ՝  իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը»: