Ֆրանսիացի Տիերի Տիլլին, ով սպառնալիքներով տեղի արիստոկրատ ընտանիքներից 4,5 մլն եվրո է շորթել, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նա ընտանիքներին վախեցրել է մասոնական դավադրություններով, դատարանում նրա գործողությունները կոչել են «մաքիավելյան պլան»:

Բորդոյի քրեական դատարանը 48-ամյա Տիերիին մեղավոր է ճանաչել մարդկանց անօրինականորեն ազատությունից զրկելու եւ նրանց հոգեբանական թուլություններից օգտվելու մեջ: Դատարանում չի հաստատվել նախկինում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Տիերիի գործողությունները ղեկավարել է նրա հանցակից Ժակ Գոնսալեսը, ուստի վերջինս դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Քննության տվյալներով, Տիլլիին հաջողվել է ֆրանսիացի երեք սերնդի արիստոկրատ Դե Վեդրին ընտանիքներին համոզել, որ իրենց կյանքը գտնվում է վտանգի տակ՝ մասոնական դավադրության պատճառով, ստիպել նրանց փախչել Օքսֆորդ եւ վաճառել ունեցվածքի մեծ մասը: Նա ներկայացել է որպես ՆԱՏՕ-ի գաղտնի գործակալ եւ նախագահների լիազորված անձ:

Այս խաբեությունը տեւել է շուրջ 10 տարի, Տիլլիի ազդեցությկան տակ են եղել Դե Վեդրին ընտանիքի 11 անդամները, գրում է Lenta.ru-ն:

Տիլլին կալանավորվել է 2009-ին Շվեյցարիայում՝ արիստոկրատներից մեկի հայտարարության հիման վրա: Գոնսալեսին բռնել են 2010 թվականին: Դատարանում նա իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունել: