Ռուսաստանը մեզ համար առաջնահերթություն է եւ այդ «սառը պատերազմը» պետք է ինչ-որ պահի ավարտվի: Այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Հարցազրույցի թարգմանությունը հրապարակել է inoСМИ-ն:

«Մենք իրատեսորեն ենք նայում իրավիճակին, հասկանալով, որ հարաբերություններն արագ նորմալացնել չի հաջողվի… Բայց կա ցանկություն պահպանելով ժնեւյալ ձեւաչափը, հաղորդակցության նոր ուղի ստեղծել, որի շրջանակներում հնարավոր կլինի ամեն տեսակ հարցեր քննարկել, քայլ առ քայլ վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջեւ եւ փուլ առ փուլ ձեւավորել ազնիվ եւ կանխատեսելի հարաբերություններ»,-ասել է նա, հավելելով, որ ներկայումս վրացական կողմը սպասում է պաշտոնական Մոսկվայի պատասխանին:

Ուղիղ երկխոսությունը վերսկսելու մեր նախաձեռնությունը իմաստ կունենա մյուս կողմի համարժեք արձագանքի դեպքում… Մենք լավատեսորեն ենք տրամադրված, սակայն հատուկ իլյուզիաներ չունենք»,-ընդգծել է Աբաշիձեն:

Խոսելով կոնկրետ քայլերի մասին, հատուկ ներկայացուցիչը նշել է, որ սկզբում պետք է վերկանգնվի երկխոսությունը եւ եթե այն դրական արդյունքների հանգեցնի, այդ դեպքում կքննարկվի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը:

«Չարժե մոռանալ, որ «կարմիր» գծեր ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Վրաստանը: Ռուսաստանը պատրաստ չէ վերանայել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման մասին իր որոշումը, իսկ մեզ համար սկզբունքային են տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ընտրության իրավունքին վերաբերող  հարցերը: Բայց մինչեւ մենք հասնենք այդ «կարմիր գծերին», մենք ունենք շատ այլ հարցեր, օրինակ տնտեսական, հումանիտար, որոնք հնարավոր է լուծել,-նշել է նա: