ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության հանդիպման ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանել են Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, հաղորդում է «Երկիր Մեդիան»:
«Դեռ անցած տարի Որուգվայի խորհրդարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որին մասնակցում էին քաղաքական դեմքեր, այդ թվում եւ պարոն Ուելմոն եւ արտաքին գործերի նախարարը: Նրանք ելույթով հանդես եկան, նշվելով, որ իրենք տեսնում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացքը կարող է բնականոն ճանապարհ ընկնել: Սա պրոցես է, որ քյալ առ քայլ պիտի ընթանա: Այս այցը եւ հանդիպումը առաջինն է, որը պիտի շարունակություն ունենա», - նշել է Վահան Հովհաննիսյանը:
«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, սա ուղղակի մի քայլ է: Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ: Մենք պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը, որ ունի ՀՅԴ Հայ դատի գրասենյակը Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամության գործում»,- ասել է Ռուբեն Մարտինես Ուելմոն:
Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Հնարավո՞ր է, որ Ուրուգվայը նաեւ առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» հարցին պարոն Ուելմոն պատասխանեց. «Անկեղծորեն կարող եմ ասել, որ, որպես տեսական պատասխան` այո: Սակայն սա քաղաքական գործընթաց է, եւ պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք եւ ներկայացնենք փաստարկներ, ներկայացնենք քաղաքական ուժերին»:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձիք: Վաղը ժամը 11.00-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա պատգամավորական կազմի հանդիպումն Արցախ ժամանած Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ պարոն Խորխե Օռիկոյի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ։




























