ՌԴ հայերի միության մոսկովյան գրասենյակից երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ միության նախագահի 1-ին տեղակալ Գեորգի Տեր-Ղազարյանցը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

««Պարոն Տեր-Ղազարյանցը այժմ ծանրաբեռնված է, քանի որ նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն»,- ասել է ՌՀՄ աշխատակիցը մեր թղթակցին, երբ վերջինս փորձել է կապ հաստատել Տեր-Ղազարյանցի հետ: Մեր թղթակիցը երեկ զանգահարել է ՀՀՀ գրասենյակ` ճշտելու Տեր-Ղազարյանցի նշանակման եւ մինչեւ երեկ որպես ՀՀ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի պաշտոնանկության մանրամասները: ՀՀՀ գրասենյակից պնդել են, թե առաջին անգամ մեր թղթակցից են լսում Տեր-Ղազարյանցի նշանակման մասին:

Հիշեցնենք, որ հիմնադրամի աշխատակազմն առաջին անգամ մեր թղթակցից էր լսել նաեւ նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ամենամյա բարեգործական-ճաշկերույթի մասին: Ակնհայտ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում ինչ-որ բան այն չէ, տպավորություն է ստեղծվում, թե այդ գրասենյակը տեղափոխվել է Մոսկվա, որոշումներն էլ կայացվում են այնտեղ: Հակառակ դեպքում ինչպես բացատրել վերոնշյալ «անտեղյակությունը»:

Նշենք, որ նոյեմբերի 8-ի ճաշկերույթի մասնակիցների ցանկում որպես ՀՀՀ գործադիր տնօրեն նշված էր Արա Վարդանյանի անունը: Եվ եթե որեւէ փոփոխություն է կատարվել, ապա՝ կատարվել է վերջին երկու օրերին»,- գրում է «Հայկական ժամանակը»։