Հանրությանն առաջին անգամ ներկայացվել է չինական «Իլուն» անօդաչու թռչող սարքը, որն ամերիկյան եւ իսրայելյան նմանատիպ սարքերից զգալի էժան է, դրա արժեքը չի գերազանցում միլիոն դոլարը:
«Իլունի» կառուցումն 2005թ. սկսել են Չենդուի ավիաշինարարական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Առաջին փորձնական թռիչքը կատարվել է 2008թ., սակայն մինչ այս պահը հանրությանը ներկայացվել էին սարքի սոսկ փոքրացված մանրակերտերը: Իսկական «Իլունն» առաջին անգամ ցուցադրել են նոյեմբերի 13-ին Չժուհաեի Air China 2012 9-րդ ավիասրահում:
«Իլունի» լայնությունը 9,34 մ է, թեւի բացվածքը՝ 14 մ: Զանգվածը 1 տոննայից մի փոքր ավելի է, այն կարող է առաջադրանքներ կատարել մինչեւ 5,3 հազար մետր բարձրությունում, թռիչքի հեռավորությունը կարող է հասնել 4 հազար կմ-ի: Ինքնուրույն աշխատանքի տեւողությունը կազմում է 20 ժամ, գրում է «Ռիա Նովոստին»:
Չինական կողմի գնահատականներով՝ նոր անօդաչու սարքը կարող է կիրառվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով: Հետախուզական եւ մարտական առաջադրանքներից բացի, այն կարելի է օգտագործել տարերային աղետների հետեւանքները վերացնելիս եւ երկրահետազոտական աշխատանքներում:




























