Մարկ Ռոտկոյի «Թագավորական կարմիրը եւ կապույտը» կտավը Նյու Յորքի Sotheby`s աճուրդի տանը վաճառվել է 75,1 մլն դոլարով: 1954թ. արված կտավի նախնական արժեքը 35-50 մլն դոլար էր:
3մ բարձրությամբ կտավը 30 տարի գտնվել է մասնավոր հավաքածուում: Աճուրդի տան ներկայացուցչի խոսքով՝ Ռոտկոյի գործերի հանդեպ հետաքրքրությունը չի նվազում: 2007-ին նրա «Սպիտակ կենտրոն» կտավը վաճառվել էր 72,8 մլն դոլարով: Այս տարվա մայիսին «Նարնջագույն, կարմիր, դեղին» կտավը վաճառվել էր 86,8 մլն դոլարով:
Երեկոյի ընթացքում գնային ռեկորդ է սահմանել աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջեքսոն Փոլոքի «Համար 4» կտավը, որը գնահատված 25-30 միլիոնի փոխարեն վաճառվել էր 40,4 միլիոնով: Փոլոքի «Համար 5, 1948» կտավը Sotheby`s-ում վաճառվել էր 2006թ.՝ 140 մլն դոլարով, գրում է NEWSru.com-ը:
Անգլիացի հայտնի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Անանուն. Հայրիկ» կտավը վաճառվել է 29,7 մլն դոլարով: Բեկոնի մեկ այլ նկար՝ «Իզաբել Ռոսթերնի դիմանկարի ուրվագիծը», վաճառվել է 9,3 մլն դոլարով:
Sotheby`s-ն աճուրդի էր դրել նաեւ փոփ-արթի արքա Էնդի Ուորհոլի (1928-1987) մի քանի աշխատանքներ: Նրա «Ինքնասպանությունը» վաճառվել է 16,3 միլիոն դոլարով 15,2 միլիոն դոլարով վաճառվել է «Կանաչ ավտովթարը» (1963), 9,2 միլիոնով՝ «Համբույր (Բելա Լուգոշի)»-ն:




























