«Բարգավաճ Հայաստան» քաղաքական կազմակերպությունը չեմ տարանջատում իշխանությունից, որովհետեւ տարիներ շարունակ լինելով իշխանության մեջ՝ նրանք նույնիսկ հնարավորություն չունեն այդ կոալիցիայից ազատվելու այդքան հեշտ, այդ իսկ պատճառով էլ նրանք չեն կարող իրենց ընդդիմադիր հռչակել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպնանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ չբացառելով, որ մոտ ապագայում ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտնվի իշխանության մեջ:
Պատգամավորի խոսքով՝ սա երկրորդ եւ երրորդ նախագահի ծրագիրն է, որը իրականացնում են դաշտը իրենց տիրապետության ներքո պահելու համար, «թյուր կարծիք չպետք է տարածել, որ այս անձինք իրարից անկախ են գործում»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ԲՀԿ-ն դեռ կողմնորոշվի՝ ինքը որ դաշտում է գտնվում, «նա իրեն ոչ իշխանություն, ոչ էլ ընդդիմություն է հռչակել, պետք է հստակ կողմնորոշվի, հայտարարի իր ընդդիմադիր կողմնորոշման մասին եւ հենց այդ դաշտում էլ գտնվի»: Պատգամավորի խոսքով՝ լրագրողները եւ լրատվամիջոցները սխալ են ընկալել քաղաքական քննարկումներ սկսելու վերաբերյալ անհատ քաղաքական գործչի հայտարարությունը, դա իրենք չեն համարում ԲՀԿ պաշտոնական կարծիք, այդ կարծիքը պետք է հայտնեին երկու տարի առաջ, երբ ընդունվում էր «Ընտրական օրենսգիրքը»:
«Այս նախընտրական շրջանում մի քաղաքական գործչի կարծիքը հրապարակելը եւ դա ընկալել որպես պաշտոնական տեսակետ, սխալ է: Սա նախընտրական փուլում տեղի ունեցող հայտարարություն է, որն ունի իր ուրույն նպատակը: Հայտարարություն է, միգուցե բարի եւ անկեղծ ցանկություն տիկին Զոհրաբյանի կողմից, բայց սա ընկալել որպես քաղաքական կուսակցության կարծիք, տեղին չէ, դրա համար այն պետք է լինի այդ կուսակցության ծրագրային դրույթ, կուսակցությունը պետք է հայտարարի դրա իրագործման ուղիները»,- ասաց նա: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն չի կարող լինել անկեղծ եւ պետք չէ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ իր ստվերը պետք չէ գտնել, «մեծ տեսողություն պետք չէ դա տեսնելու համար, դա հասկանալի է»:
«Ժառանգության» ներկայացուցիչների հանդիպումը ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ Զարուհի Փոստանջյանը այսպես մեկնաբանեց, որ «տիկին Զոհրաբյանը եկել, թակել է իրենց դուռը, իսկ իրենց դուռը բաց է բոլորի համար, ընդունել եւ զրուցել են»: Նրա խոսքով՝ նմանատիպ խորհրդակցություններ բազմիցս են ունեցել, սակայն եւրեւէ արդյունք չի տվել, իսկ բարձրացված խնդիրները միշտ եղել են օրակարագում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, նշեց, որ ցանկանում է դրական բան գտնել կազմակերպվող քաղաքական քննարկումների մեջ, եւ նորմալ է վերաբերում, եթե նրանք համախմբվեն ինչ-որ գաղափարի շուրջ, ոչ թե ընդդեմ ինչ-որ բանի: Նա միասնական թեկնածուի շուրջ համախմբվել, բանակցելը այս պահին այս պարագայում այլեւս անհնար է համարում, քանի որ արդեն մի քանի թկենածուներ հայտարարել են իրենց մասնակցության մասին: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ կառավարման համակարգի խնդիրների լուծումը այսօր չէ, որ պետք է առաջ քաշել, «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ժամանակ բազմաթիվ քննարկումներ ենք ծավալել, հանրային լսումներ կազմակերպել,պետք է այդ ժամանակ հայտնեին, այժմ տեղին եւ ժամանակին չէ այդ հարցերի առաջ քաշումը:
Նշենք, որ օրերս ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առանձին-առանձին հանդես են եկել նախաձեռնությամբ` սկսել քաղաքական քննարկումներ մի շարք հարցերի շուրջ` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, կառավարման խորհրդարանական համակարգ եւ այլն: Հանդիպումները արդեն մեկնարկել են, օրինակ` ԲՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հանդիպել են ՀՅԴ ԳՄ անդամների հետ, ՀԱԿ եւ «Ժառանգության» ններկայացուցիչների հետ: ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել հանդիպումներին, իսկ ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ կհանդիպեն վաղը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























