Պետական գնումների էլեկտրոնային համակարգը ավելի շատ շահարկվում է, քան ծառայում գնումների բարելավմանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ներկա տեսքով էլեկտրոնային գնումների համակարգը (armeps.am) ընդամենը հայտարարությունների համակարգ է, իսկ ամբողջական գնումների համակարգ չի գործում: Այնինչ՝ էլեկտրոնայյին գնումների համակարգերը կարեւոր գործիք են գոյություն ունեցող սուբյեկտիվիզմի, կոռուպցիոն ռիսկերի նվազման, ինչպես նաեւ՝ տեղեկատվության հասանելիության եւ մասնակցության համար:

«Պետք է շահագրգիռ կողմերն իրենց կարծիքը հայտնեն էլեկտրոնային գնումների վերաբերյալ, որպեսզի շտկումներ արվեն»,- ասաց Կ. Վարդանյանը:

ԻՏՁՄ-ն առաջարկում է վարձել տեղական կազմակերպություն՝ համակարգի խնդիրները ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու համար: