ԱՄՆ-ում նոր թափ է ստանում ԿՀՎ-ի նախկին տնօրեն Դեւիդ Պետրեուսի եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինած Ջոն Ալենի շուրջ ծագած սկանդալը: Երկու գեներալների անձնական կյանքի նոր մանրամասներ են ի հայտ եկել:
The Washington Post-ը պարզել է, որ քմահաճ Պետրեուսը սպասարկող անձնակազմին հրամայել էր ամեն երեկո անկողնու մոտ ափսեով չկտրած անանաս դնել:
Ալենի մասին էլ հայտնի է դարձել, որ Ջիլ Քելիի հետ բավական ազատ նամակագրություն է վարել: Fox News-ի աղբյուրները հայտնել են, որ նրանց նամակագրություն ավելի շատ «հեռախոսով սեքս» է հիշեցնում:
Բացի այդ, երկու գեներալներն էլ խառն են եղել Քելիի երկվորյակ քրոջ՝ Նատալի Քավամի եւ նրա ամուսնու միջեւ երեխաների խնամակալության գործով դատավարությանը, որի ընթացքում պաշտպանել են կնոջը, գրում է NEWSru.com-ը:
ABC News-ի հաղորդմամբ, Ալենը Նատալի Քավամի հետ ծանոթացել էր Թամփա քաղաքում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավարի տեղակալ եղած ժամանակ: Պետրեուսն իր հերթին հայտնել է, որ սկզբում Քելիի հետ է ծանոթացել, հետո՝ քրոջ: Այդ օրվանից երկվորյակները մշտապես օգտվել են բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությունից:
Քույրերի ծանոթների խոսքով՝ նրանք ցոփ կյանքով էին ապրում եւ միլիոններով պարտքեր են կուտակել: Բացի այդ, Ջիլ Քելին անգամ դարձել էր Աֆղանստանում կոալիցիոն ուժերի «պատվավոր դեսպան» եւ Հարավային Կորեայի պատվավոր գլխավոր հյուպատոսի կոչում ստացել:
Գեներալ Պետրեուսի գործով քննությունը շարունակվում է: Հայտնի չէ ինչ ընթացք կստանա Ալենի գործը:




























