«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանեց իր գործուղմների շատ մեկնելու եւ պետական բյուջեի առանց այդ էլ սուղ միջոցները վատնելու մասին երեկ տարածված տեղեկությունները:
Նա նշեց, որ նման տեղեկություններ տարածող նախաձեռնությունը անոնիմ է, եւ պատգամավորը կոչ արեց նրանց նախ հայտնել իրենց տվյալները, անունները եւ քաղաքացիական վերահսկողություն սահմանել նաեւ ԱԺ-ում առկա ֆեոդալների նկատմամբ, որոնց թվաքանակը ավել է երկու տասնյակից: «Նրանցից մեկն էլ Քոչարյանի կողմից գործուղված ֆեոդալն է, որը մշտապես բացակայում է նիստերից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` չնշելով, սակայն, օլիգարծի անունը:
«Գործուղումները դա երջանկության պահեր չես ապրում, երբ գնում ես, դա ավելի դժվար աշխատանք է, քան այն, ինչ մենք իրականացնում ենք Հայաստանում: Գործուղումը կարող է տեւել 24 ժամ եւ դու այնտեղ մնաս ընդամենը երեք ժամ»,- ասաց նա՝ շեշտելով, որ գործուղումների ընթացքում հանդիպումներ եւ քննարկումներ են լինում նաեւ պաշտոնական եւ կիսապաշտոնական ընթրիքների ժամանակ: Նա նշեց, որ ցավում է, որ ԱԺ պատգամավորները լիարժեք ներկայացված չեն լինում արտաքին դիվանագիտական խորհրդարանական աշխատանքին:
«Ժառանգության» պատգամավորի խոսքով՝ այդ աշխատանքը մեծ է. եւ չէր ասի, թե հաճելի է: «Մեծ դժվարությամբ մասնակցում եմ յուրաքանչյուր գործուղման, շատերից խնդրում եմ ինձ ազատել, բայց նաեւ պարտադրված եմ զգում մասնակցել: Քանի որ ԱԺ-ում ներկայացված են ֆեոդալներ եւ օլիգարխներ, չունենք մարդիկ, համապատասխան պատրաստվածության անձինք սակավ են, ովքեր պետք է ներկայացված լինեն այդպիսի տեղերում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր գործուղումների մասնակցելը նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը ընդդիմադիր խմբակցության անդամ է, որը փոքր խմբակցություն է եւ պարտադրված է ներկայանալ այդ ուղեւորություններին: Զարուհի Փոստանջյանը նշեց, թե չի հաշվել այն գումարները, որոնք պետական բյուջեից հատկացվել են իր գործուղումների համար:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, եւս կարեւորեց միջազգային գործուղմներին մասնակցելը, պատշաճ ներկայանալը՝ նշելով, որ այդ խմբերի մեջ ընդգրկվում են այն անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին եւ ռուսերենին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























