Ձայնա- եւ տեսակապի Skype ծառայությունում մտահոգող խոցելիություն է հայտնաբերվել, որը թույլ է տալիս կոտրել ցանկացած հաշիվ: Այդ մասին տեղեկացնում են ռուս բլոգերները: Կոտրելու համար անհրաժեշտ է իմանալ միայն զոհի էլեկտրոնային փոստի հասցեն:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», կոտրելու ալգորիթմը նախատեսում է Skype-ում զոհի էլեկտրոնային փոստի հասցեով նոր հաշվի գրանցում: Գրանցումից եւ որոշ ոչ բարդ ընթացակարգերից հետո բավական է միայն օգտվել գաղտնաբառը վերականգնելու ծառայությունից՝ զոհի հասցեով գրանցված բոլոր հաշիվները հասանելի դարձնելու եւ գաղտնագրերը փոխելու համար:
Skype-ի հաշվի կոտրման ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում փոխել հասցեն, որով այն գրանցվել է եւ նոր email-ը գաղտնի պահել:
Ինչպես գրում է lenta.ru-ն, Skype-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում խոցելիությունը, դրա վերաբերյալ լուրը տարածված է միայն Ռունետում: Ինչպես «կենդանի մատյանում» գրել է Անտոն Նոսիկը, այդկերպ կոտրել են Skype-ի իր հաշիվը: Կոտրել են նաեւ բլոգեր Իլյա Վարլամովի հաշիվը:




























