Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 19.20-ին, 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1959 թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն եւ նրա հետ եւս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր եւ որդու` 1984 թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել եւ այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն եւ նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով եւ փամփշտակալով, ներկայացրել է բաժին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977 թ. ծնված Արտաշես Խ.-ն է:
Նույն օրը, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն եւ Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն եւ նրա որդի Էդուարդ Մ.-ն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:





























