Բրիտանացի Ալան Սթոթոնին դատապարտել են 56-օրյա բանտային կալանքի՝ կատվին չորանոցում չորացնելու համար:

Փրինցես անունով կատվի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել 2012թ. հուլիսին: Այն ժամանակ արեւելյան Անգլիայի բնակիչը համացանցային ֆորումում կատվին չորացնելու տեսագրությունն էր տեղադրել: Nitroazza կեղծանվամբ օգտվողը խորհուրդ էր տվել դիտել տեսանյութը եւ կարծիք հայտնել:

Տեսանյութը, սակայն, ավելի շատ բացասական արձագանք էր ունեցել: Nitroazza-ն ներողություն էր խնդրել եւ հեռացրել հոլովակը: Սակայն օգտվողներից մեկը տեսանյութի «սքրինշոթը» հանձնել էր կենդանիների պաշտպանության ծառայությանը, գրում է  lenta.ru-ն:

Հետաքննության  արդյունքում պարզվել է, որ Փրինցեսը պատկանել է Սթոթոնի ընկերուհուն, որը դեպքից հետո լքել է նրան: Կատվին խլել են անփույթ տերերից եւ նոր տեր գտել: Դատարանի որոշմամբ՝ Սթոթոնին մինչեւ կյանքի վերջ արգելվել է ընտանի կենդանի պահելը: