Թեքսասի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Սաուդյան Արաբիայի՝ ավելի վաղ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու փորձ կատարած բնակչին:

22-ամյա Խալիդ Ալի ադ-Դաուսարին ԱՄՆ էր եկել քիմիա ուսումնասիրելու:  2011թ. նրա տան խուզարկության ընթացքում պայթուցիկ նյութեր, ժամացուցային մեխանիզմ եւ պայթուցիկների ստեղծման ուղեցուցային տեսանյութեր էին հայտնաբերել:

Դատախազության վարկածով՝ ադ-Դաուսարին ահաբեկչության հնարավոր թիրախներ էր դիտարկում Դալասում Ջորջ Բուշի առանձնատունը, ատոմային էլեկտրակայանները եւ Իրաքում ու Աֆղանստանում ծառայող երեք զինվորների տները:

Դատական ամբողջ գործընթացի ժամանակ պաշտպանությունը պնդում էր, որ ադ-Դաուսարին ռումբ չի պատրաստել, այդ իսկ պատճառով ահաբեկչության մասին խոսելն անիմաստ է: Դատախազությունն իր հերթին պնդում էր, որ Ուսամա բեն Լադենի ծայրահեղական հայացքներից ազդված մեղադրյալի ԱՄՆ գալու իրական նպատակը ոչ թե ուսումնառություն է եղել, այլ ամերիկացիներին սպանելը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: