Պետական բյուջեի նախագծում սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կազմում են ընդհանուր ծախսերի 27%-ը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ 2013 թ. սոցիալական ապահովությանը հատկացվել է մոտ 303 մլրդ դրամ՝ 2012 թ. 307 մլրդ դրամի համեմատ; Ա. Ասատրյանը ծախսերի նվազումը պայմանավորեց բնակարանային շինարարությանն ուղղվող միջոցների 3,5 մլրդ դրամ կրճատմամբ (պայմանավորված ծրագրերի ավարտով), ինչպես նաեւ՝ կենսաթոշակային ոլորտում նոր տեղեկատվական շտեմարանի ներդրմամբ, ինչի հետեւանքով կեղծ թոշակառուներն ու նպաստառուները հանվել են պետական ֆինանսավորման սխեմաներից: Նշենք՝ «ծերություն» հոդվածով (կենսաթոշակների վճարում) 2013 թ. նախատեսվել է 199,6 մլրդ դրամ՝ 2012 թ. 200,8 մլրդ դրամի փոխարեն:
Ա. Ասատրյանի ներկայացմամբ՝ 2009-12 թ.թ. սոցիալական ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացել են, եւ այդ առումով՝ Հայաստանը տարածաշրջանում լավագույններից մեկն է համարվում: Սոցիալական ապահովության ոլորտում իրականացվում են 78 ծրագրեր; Հիմնական շեշտը դրվում է աղքատության շեմից ցածր գտնվող անձանց օգնություն տրամադրելու վրա: Մասնավորապես՝ հաշմանդամներին անվճար կհատկացվեն 15 հազ. պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, ինչը, նախարարի խոսքով, աշխարհի ոչ բոլոր երկրներում է իրականացվում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























