Top500.org կայքը հրապարակել է ամենաարագ գերհամակարգիչների վարկանիշային «TOP500 List of the world`s top supercomputers» 40-րդ ցանկը: Դրանում առաջատարն է NVIDIA Tesla պրոցեսորների հիմքով Titan Cray XK7 հիբրիդային համակարգիչը, որը գտնվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հիմնադրած Օքրիջի ազգային լաբորատորիայում (ORNL):
Titan գերհամակարգիչը բաղկացած է 18688 հանգույցից, որոնցից յուրաքանչյուրն ունի տասնվեցմիջուկային AMD Opteron պրոցեսոր եւ Nvidia Tesla K20X գրաֆիկական արագացուցիչ: Titan-ն ընդհանուր առմամբ ունի 560640 պրոցեսոր՝ ներառյալ NVIDIA K20x արագացուցիչը: Ըստ LINPACK-ի տվյալների՝ համակարգի արտադրողականությունը կազմում է 17,59 պետաֆլոփս, հայտնում է 3DNews-ը:
«TOP500 List of the world`s top supercomputers»-ի նախկին վարկանիշը գլխավորել էր Լիվերմոլի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի Sequoia գերհամակարգիչը, որն այժմ գտնվում է երկրորդ տեղում: Հունիսին IBM BlueGene/Q ընկերության համակարգն զբաղեցրել է առաջին տեղը:
Վարկանիշի առաջին հնգյակում են ընդգրկվել նաեւ K Computer-ը՝ Fujitsu ընկերության արտադրության գերհամակարգիչը, որը գտնվում է RIKEN Advanced Institute for Computational Science (Կոբե, Ճապոնիա) ինստիտուտում, Արգոնի ազգային լաբորատորիայի Mira համակարգը (Argonne National Laboratory) եւ Յուլիխ հետազոտական կենտրոնի JUQUEEN գերհամակարգիչը (Forschungszentrum Juelich) Գերմանիայում, որը համարվում է Եվրոպայում ամենաարագը:





























