Իրաքում նոյեմբերի 14-ին ահաբեկչությունների շարք է կատարվել. Մայրաքաղաք Բաղդադում, Քիրքուք, Էլ Հիլա եւ Հավիջա քաղաքներում օրվա առաջին կեսին պայթեցվել են նվազագույնը հինգ ականապատ ավտոմեքենաներ, նաեւ՝ ճանապարհին տեղակայված ինքնաշեն պայթուցիկ սարքը:

16 մարդ զոհվել են, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել,- գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էլ, տեղի լրատվամիջոցներին վկայակոչելով, հայտնում է 20 զոհերի մասին:

Էլ Հիլա քաղաքում ականապատ ավտոմեքենան պայթել է մարդաշատ շուկայի մոտակայքում: Մասնակի ավերվել են շրջակա խանութներն ու բնակելի շինությունները:

Մայրաքաղաքի «Իշթար Շերաթոն» հյուրանոցի մոտ պայթուցիկներով լի մեքենան օդ է թռել : Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախը ուժային կառույցների բարձրաստիճան սպան էր, որի ավտոշարասյունն այդ պահին անցնում էր պայթյունի որոտացած վայրով:

Գրոհայինները համանման եւս 4 գործողություններ են կատարել  Քիրքուք եւ Էլ Հուվեյջ քաղաքներում: Պայթյուններից մեկը որոտացել է Քրդստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակի մոտ: