Cisco ընկերության ապագայի տեխնոլոգիաները կանխատեսող գլխավոր մասնագետ Դեյվ Էվանսը հրապարակել է ապագա տեխնոլոգիական զարգացումների կանխատեսումները։ Ինչպես տեղեկացնում է КорреспонденТ.net-ը, փորձագետի կարծիքով, հաջորդ երկու տարիներին Համացանցում առկա ինֆորմացիան կրկնակի կավելանա ամեն 11 ժամը մեկ անգամ։ Հաջորդ 5 տարիներին ցանկացած մակերես կարող է դիսփլեյի դեր կատարել, իսկ հաջորդ տասը տարիներին տնային ցանցերում տեղեկությունների փոխանակման արագությունը 20 անգամ կավելանա։

Էվանսի կարծիքով՝ 2013 թվականին ինտերնետն այնքան կզարգանա, որ կարող է աշխարհի ցանկացած կետից վայրկյանական կապ ապահովել։ 2020 թվականին ինտերնետին միացված սարքավորումների քանակն ավելի կլինի աշխարհում ապրող մարդկանցից։ IPv6 ինտերնետի պրոտոկոլի ներդրումից հետո այնքան ինտերնետային հասցե կլինի, որ մարդկությանը հայտնի ցանկացած աստղի հնարավոր կլինի 4,8 տրիլիոն էլեկտրոնային հասցե տրամադրել։ Էվանսը նշել է նաեւ համակարգիչների էվոլյուցիայի մասին։

2020 թվականին սովորական համակարգչի վերլուծական հնարավությունը կհավասարվի մարդու ուղեղի վերլուծական հնարավորությանը, 2030-ին այն կհավասարվի արդեն մի ամբողջ բնակավայրի բնակիչների վերլուծական մտքին, իսկ 2050-ին՝ մեկ համակարգչի վերլուծական հնարավորությունները հավասար կլինեն ողջ մարդկության մտքի հնարավորություններին։ Էվանսի կանխատեսումներով՝ 2030 թվականին հնարավոր կլինի ուղեղի արհեստական իմպլանտանտների պատվաստումը։ Կանխատեսումները եզրափակելով՝ մասնագետը նշել է, որ 50 տարի հետո մարդկությունը հսկայական գիտական հայտնագործություններ կանի։ Նրա խոսքով, այսօր մարդիկ գիտեն 50 տարի հետո հայտնաբերվելիք գիտելիքների միայն 5 տոկոսը։

Տեղեկացնենք, որ բրիտանական The Independent թերթը, հետազոտելով համակարգիչների ազդեցությունը մարդկանց վրա, եզրակացրել էր, որ տեխնոլոգիաների զարգացումը մարդկության վերացմանն է հանգեցնելու։