Օքսֆորդի բառարանի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր՝ «լավագույն նորաբանություն» մրցանակն ստացել է omnishambles բառը: Այն առաջացել է լատիներեն omni «ամեն ինչ», եւ անգլերեն shambles՝ «լիակատար քաոս» բառերից եւ նշանակում է դժվարին կացություն, որից դուրս գալու բոլոր ուղիները մշուշոտ են: Կազմակերպիչներն այն անվանել են ոչ միայն ինքնատիպ, այլեւ բնութագրրական. «Այն ի վիճակի է նկարագրել վերջին 366 օրերը»:

Քաոսային վիճակ նշանակող omnishambles բառն առաջին անգամ օգտագործվելուց միայն երեք տարի անց է ճանաչվել Oxford University Press-ի կողմից: 2009թ. բառը հնչել էր ВВС-ի եթերում քաղաքական երգիծական հաղորդման ընթացքում, սակայն աստիճանաբար է կիրառություն ստացել:  Բառը շատ հարմար է եւ հեշտությամբ փոփոխության է ենթարկվում: Օրինակ երբ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմին կասկածել էր, թե Մեծ Բրիտանիան կարող է անցկացնել Օլիմպիական խաղերը, բրիտանական մամուլում իսկույն իրավիճակը բնութագրել էին իբրեւ Romneyshambles, գրում է AP-ը:

«Տարվա բառ» կոչմանը հավակնում էր նաեւ mummy porn-ը՝ «պոռնո մայրիկների համար», որը սկսել է գործածվել կանացի էրոտիկ վեպի ժանրը բնութագրելու համար՝ «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի հայտնվելուց հետո, որը բորբոքել էր շատ կանանց սեռական ֆանտազիաները: Հավակնորդներից էր նաեւ  eurogeddon բառը, գրում է NEWSru.com-ը:

Նշվում է նաեւ «YOLO» հապավումը (you only live once)՝«դու մեկ անգամ ես ապրում»: