«Ժառանգություն» կուսակցության անունից պաշտոնական հայտարարություններ անելու լիազորություն ունեն միայն առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը, իսկ արտաքին քաղաքականության հարցերով՝ Ստեփան Սաֆարյանը: Այսինքն՝ կուսակցության մնացած անդամների կարծիքը նրանց անձնականն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան խորհրդարանական «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի՝ ԲՀԿ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունները անձամբ Զոհրաբյանի նախաձեռնությունը լինելու մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

«Քաղաքական խորհրդակցությունների հարցով ես անձամբ դիմել եմ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը պաշտոնապես պատասխանել է, որ ընդունում է մեր առաջարկը, հետեւաբար հանդիպումը կայացավ: Բացի  այդ, հանդիպման ընթացքում, որին մասնակցում էինք ես եւ Վարդան Օսկանյանը, իսկ  «Ժառանգությունից»՝  Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, մեզ պաշտոնապես տեղեկացրին, որ բացի վերոնշյալ երեք անդամներից, մնացածները «Ժառանգություն» կուսակցության անունից հայտարարություններ անելու լիազորություն չունեն», - ասել է Զոհրաբյանը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, խորհրդարանական «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կարծիք էր հայտնել, որ մամուլում սխալ են հասկացել քաղաքական մեկ գործչի քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին հայտարարությունը՝ այն ներկայացնելով իբրեւ ԲՀԿ-ի պաշտոնական կարծիք: Անդրադառնալով «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններին՝ Փոստանջյանն ասել էր. «Տիկին Զոհրաբյանը եկավ, թակեց մեր դուռը, իսկ մեր դուռը բաց է բոլորի համար, մենք նրան ընդունեցինք եւ զրուցեցինք»: