ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պաշտոնական առաջին այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել համագործակցել գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

Նա Վրաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել փոխզիջման գալ՝ «ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելու համար», գրում է «Նովոստի Գռուզիան»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Իվանիշվիլիին կոչ է արել հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությանը եւ վստահեցրել, որ մի օր Վրաստանն անպայման դաշինքի անդամ կդառնա: Ռասմուսենը նաեւ տեղեկացրել է Բրյուսելում դեկտեմբերի սկզբին ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի մասին:

Հիշեցնենք, ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգություն  էր հայտնել Վրաստանում դեպքերի զարգացումների, մասնավորապես՝ երկրում ընդդիմադիրների ձերբակալությունների կապակցությամբ: Խոսքը  Վրաստանի ՆԳՆ-ի նախկին ղեկավար Բաչո Ախալայայի, Վրաստանի Զինված ուժերի միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեի եւ հետեւակային 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավայի քրեական հետապնդման  մասին էր: Նրանց պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք  էր ներկայացվել, իսկ Ախալայան նաեւ մեղադրվում է անօրինական ազատազրկման ենթարկելու մեջ:

Իվանիշվիլին նախօրեին հայտնել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ին առաջարկել Վրաստան ուղարկել աշխատանքային խումբ՝ բանակի իրական վիճակին ծանոթանալու համար: Նա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրել էր Վրաստանի մասին սուտ տարածելու մեջ եւ խոստացել, որ դրան շուտով վերջ կդրվի: