Երեւանի կենտրոնում՝ Օղակաձեւ զբոսայգում, մոտ մեկ ամիս առաջ հեծանվային արահետներ հայտնվեցին, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 2,5 կմ է:
Անհասկանալի է, թե ինչու են Երեւանում հայտնվել հեծանվային արահետները, որն է դրանց անհրաժեշտությունը, երբ քաղաքում հեծանիվով երթեւեկողների թիվը բավական ցածր է: Դրան պետք է ավելացնել նաեւ անհարմար ռելիեֆը՝ մեկ վերելք, մեկ՝ վայրէջք: Այս ամենի արդյունքում հեծանվային արահետներն իրենց նշանակությամբ չեն օգտագործվում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը դեռեւս պիլոտային է եւ նրա հետագա «տարածումը» կախված կլինի նախագծի ժողովրդականությունից: «Դեռեւս փորձում ենք հասկանալ, պե՞տք է մեր քաղաքին դա, թե՝ ոչ»,-ընդգծեց նա:
Այդուհանդերձ, շնորհիվ առողջ կենսակերպի քարոզման կամ եվրոպական ստանդարտներով գործելու, այդ արահետներն իրականություն են: Բայց այդ իրականությունը բավական վախեցնող է, քանի որ ոչ ոք չի փորձել հեծանվային այդ արահետները քրիստոնեական տեսքի բերել, պարզապես զբոսայգու արահետների մի մասն առանձնացվել է ու վերջ:
Հեծանվային արահետի վրա տեղ-տեղ խորը փոսեր են, ճանապարհի սալիկները իրար վրա են ելել: Այլ վայրերում արահետը մայթի վրայով է անցնում:
Ստացվում է, որ հերթական անգամ ուժերն ու միջոցները վատնել են հենց այնպես: Խոսքով եւ թղթի վրա այն կա, իսկ իրականում՝ չեղածի հաշիվ է:





























