Թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարկչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն շնորհակալություն է հայտնել ասորիներին՝  իրեն «Ասորական մշակույթային պարգեւ» մրցանակը հանձնելու համար։

Ինչպես տեղեկացնում է քրդական Gelawej.net կայքը, Ռագըփ Զարաքոլուն ասորական միություններին շնորհակալական նամակ է գրել՝ շեշտելով, որ այն ժամանակ, երբ ինքը KCK-ի գործով գտնվում էր կալանքի տակ, իրեն շատ է ուրախացրել  «Ասորական մշակույթային պարգեւ» մրցանակին արժանանալու մասին լուրը։

Ստոկհոլմի ասորական մշակույթային կենտրոնի կողմից թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարկչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն արժանացել է «Ասորական մշակույթային պարգեւ» մրցանակին։

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի էր ունեցել 2012-ի մարտի 27-ին Ստոկհոլմի Botykyrka ասորական մշակույթային կենտրոնում։  Քանի որ Զարաքոլուն Թուրքիայում գտնվում էր կալանքի տակ, նրա մրցանակը եւ 5000 կրոն գումարը տրվել է գրող Ֆեյազ Քերիմոյին՝ Զարաքոլուին փոխանցելու համար։

Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել է 2011-ի նոյեմբերին՝  KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-ենթադրաբար PKK-ի քաղաքացիական կառույց) գործով։ Մեղադրական զեկույցում Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարի ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։