Ադրբեջանական «Ազադլիգ» (Ազատություն) թերթը հայտնվել է փակման վտանգի տակ: Բաքվում ստեղծված իրավիճակի շուրջ հասարակական լսումներ են կայացել:
Հաղորդվում է, որ նոյեմբերի 5-ին «Ազադլիգ»-ի խմբագրությանը տեղեկացրել են նրա բանկային հաշվի կալանավորման մասին՝ Յասամալի շրջանի դատական որոշումների կատարման բաժնի պահանջով: Այդ պահանջը ներկայացվել է երկրի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդու՝ գործարար Անար Մամեդովի դատական հայցի հիման վրա կայացված դատավճռի հիմքով:
Հունվարին Անար մամեդովը դատի էր տվել «Ազադլիգ» թերթին, պահանջելով իրեն վճարել 4 200 մանաթ (շուրջ 5040 դոլար): Հայցի պատճառը 2010 թվականի հուլիսի 1-ին թերթի հրապարակած հոդվածն է («Կերել են Քյամալեդին Հեյդարովի արջին»), որտեղ խոսվում է այն մասին, որ Անար Մամեդովը Գաբալայում տոնակատարության ժամանակ պահանջել է արջ մորթել եւ դրանից խորոված պատրաստել:
Հանդիպման մասնակիցների ելույթներում կրկնվել է միտքը, որ «Ազադլիգի» հանդեպ ճնշումը խոսում է երկրում 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին քննադատող ձայները լռեցնելու իշխանությունների մտադրության մասին, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը:
«Ազադլիգի» գլխավոր խմբագրի տեղակալ Ռահիմ Հաջիեւը հայտարարել , որ «Ազադլիգը» 2006-ից ի վեր գտնվում է լուրջ ճնշման ներքո: Խմբագրությանը վտարել են, լրագրողներին՝ ծեծել ու կալանավորել, նրանցից մեկին դանակահարել են: Խոչընդոտներ են հարուցվում նաեւ թերթի տարածման հարցում:
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել՝ թերթի պաշտպանության համակարգ ստեղծելու համար, այդ թվում պիկետների կազմակերպում, ստորագրությունների հավաքում եւ դիմում միջազգային ատյաններ:
Քննարկումների արդյունքում որոշվել է մոտ օրերս գործողությունների պլան մշակել թերթի փակումը կանխելու համար, այդ թվում զանգվածային ակցիաների կազմակերպումը:





























