ԱՊՊԱ-ն պետք է 10 հազ. դրամ լիներ, ապահովագրական ընկերությունները 50% շահութաբերությամբ են աշխատում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ ԱՊՊԱ-ն ընդամենը ֆինանսական փուչիկ է,  հանգեցնում է ՀՆԱ արհեստական աճին: «Առանց դրա կունենայինք ՀՆԱ 3% անկում»,-հարցադրում արեց նախկին վարչապետը;          

Կառավարությունից սկզբում չցանկացան պատասխանել, սակայն այնուհետ վարչապետ Տ. Սարգսյանը որոշեց պատասխանել: Նա նշեց, որ ԱԺ-ն մի ամբիոն է, որտեղ պետք է լինի քաղաքական երկխոսություն: Սակայն, վարչապետի կարծիքով, ընդդիմախոսը բացարձակ ճշմարտություններ է հայտարարում եւ պատրաստ չէ երկխոսության: Վարչապետը խոստովանեց, որ կային մտահոգություններ՝ պատրա՞ստ են ԱՊՊԱ-ն ներդնել, հաշվի առնելով, որ հաղթահարված չէ աղքատությունը:

«Շատ դժվար էր ճշգրիտ որոշել պատահարների ծավալը եւ հատուցումների չափը, առավել եւս չունեինք ճանապարհային պատահարների ճշգրիտ վիճակագրություն»,- ասաց Տ. Սարգսյանը, նշելով, որ միայն ԱՊՊԱ-ի ներդրումից հետո ունեցանք պատահարների թվի ճշգրիտ պատկեր:

Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առաջին երեք տարիներին դժվար է որոշել պարտադիր ապահովագրության գինը: Բոլոր դեպքերում՝ ապագայում անցում կկատարվի գների լիբերալիզացիայի, եւ շուկան կորոշի ԱՊՊԱ-ի գինը; Վարչապետը խոստացավ, որ 2012 թ. արդյունքները ամփոփելուց հետո կառավարությունը կներկայացնի զեկույց ԱՊՊԱ ոլորտի մասին, ներառյալ՝ շահութաբերության մակարդակի վերաբերյալ տեղեկատվություն;

Հ. Բագրատյանի այն առարկությանը, թե ոստիկանության նախկին կամ ներկա ղեկավարները համաձայն չեն լինի, թե պատահարների թիվը նախկինում ճիշտ չէր ներկայացվում, Տ. Սարգսյանն ասաց, որ ներկայացնում է կառավարության միասնական տեսակետը, բացի այդ՝ ցանկացած վարորդ էլ կարող է վկայել, որ մինչ ԱՊՊԱ ներդրումը պատահարների զգալի մասը չէր գրանցվում: