Եթե որեւէ կերպ մեկնաբանեմ բերված օրինակները, ապա վաղը լրատվամիջոցները կգրեն, որ արդարադատության նախարարը միջամտում է դատական իշխանությունների գործերին, ցուցումներ է տալիս: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե կառավարությունն ինչպես է մտադիր պայքարել կոռուպցիայի դեմ, երբ դատական ատյանները կոռումպացված են եւ չեն գործում, եւ երեք օրինակ էր նշել:
«Ձեր հիշատակած դատական գործերը դեռ ավարտված չեն, հետեւաբար, դրանք մեկնաբանելը տեղին չէ: Ինչ վերաբերում է կոռուպցիային, այն պետության համար հավասարազոր է չարորակ ուռուցքին: Գուցե կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված գործողությունները տեսանելի չեն, սակայն եթե 5 – 6 տարի առաջ ասեին, որ կաշառակերության համար բարձրաստիճան պաշտոնյաները կդատվեն, ապա ընդդիմադիրներին դա անմտություն կթվար: Եթե խոսում ենք հակակոռուպցիոն հայեցակարգի մասին, ապա պետք է փոխենք ողջ օրենսդրությունը, եւ օրենսդրական որոշ փոփոխություններ արդեն կատարվել են», - նշել է նախարարը:
Խոսելով հակակոռուպցիոն քայլերի մասին՝ նա նշել է, որ այժմ, ունենալով էլեկտրոնային ստորագրություն, 5 րոպեում աշխատասենյակից առանց դուրս գալու, կարելի է գրանցել իրավաբանական անձին: Ըստ նրա՝ արդարադատության նախարարությունը դրանով եւս պայքարում է կոռուպցիայի դեմ: Եթե մի քանի տարի առաջ վարորդական իրավունք ստանալու համար հարկավոր էր բավական շատ տեղեկանքներ հավաքել, եւ այդ գործընթացը կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, ապա այժմ այն կրճատվել է 20 անգամ:
Ի պատասխան Թովմասյանի ելույթի՝ Զարուհի Փոստանջյանը նշել է. «Ձեր այսօրվա ելույթից հետո ես ցավում եմ, որ ճանաչում եմ Ձեզ: Եվ պետք չէ արդարանալ: Եթե կոռուպցիան չարորակ ուռուցք է, ապա դրա դեմ պետք է պայքարել, բժշկության մեջ դրա դեմ պայքարում են քիմիաթերապիայի միջոցով, իսկ ձեր դեպքում ուռուցքը դատական համակարգն է»:
Իր հերթին արդարադատության նախարարը նույնպես ցույց է տվել իր բժշկական գիտելիքները՝ հակառակելով. «Ուռուցքը քիմիաթերապիայից բացի բուժում են վիրահատական միջամտությամբ: Պետք է Ձեզ ասեմ, որ այդ բոլորն իրականացվում է միաժամանակ: Կարող է ես հստակ տեղեկություն չունեմ, որպեսզի արտահայտվեմ այն գործերի վերաբերյալ, որոնց առիթով մի քանի օր առաջ վճիռ էր կայացվել, սակայն, եթե ինձ ներկայացնեք դատարանի որոշումը, ապա, խոստանում եմ, իմ լիազորությունների շրջանակում հետեւողական կլինեմ»: Միաժամանակ, նախարարը խոստացել է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում հաջորդ տարվա վերջին տեսանելի դրական փոփոխություններ կլինեն:





























