ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հրաժարվել է Վրաստանի վերջին իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկից՝ դա անհրաժեշտություն չհամարելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Բրյուսելում, Ռասմուսենի հետ հանդիպումից հետո, համատեղ ասուլիսում  հայտարարել է Վրաստանի նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Երկու կողմերն էլ ափսոսանք են հայտնել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Նկատի ունեմ այն կալանավորումները, որոնք տեղի են ունեցել: Ես պարոն գլխավոր քարտուղարին առաջարկեցի ցանկացած ձեւաչափով մասնակցել գործընթացին, որպեսզի ամեն բան լինի թափանցիկ եւ հասկանալի բոլորի համար:

Ռասմուսենը մեզ խորը վստահություն հայտնեց: Նա անհրաժեշտ չհամարեց դա եւ մեր բոլոր քայլերին վերաբերեց ըմբռնումով ու վստահությամբ: Այդպիսին էր նրա դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ: Մի քանի օր առաջ ի հայտ եկած խնդիրները, իմ կարծիքով, կապված են նրա հետ, որ նախկին իշխանությունը իսկապես ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու փոխարեն բավարարվել է ձեւական արտահայտություններով եւ բավարար թափանցիկություն չի եղել հասարակությունում»,-հայտարարել է Իվանիշվիլին, ում խոսքերը մեջբերում է «Գռուզիա Online»-ը:

Անդրես Ֆոգ Ռասմուսենը նաեւ խոստացել է, որ նոյեմբերի վերջին նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորական կոմիտեի այցելությունը Վրաստան, որն անորոշ ժամանակով հետաձգվել է, անպայման կկայանա:

«Մենք ափսոսանք ենք հայտնել ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի այցելության հետաձգման հետ կապված: Գլխավոր քարտուղարը վստահեցրեց ինձ, որ այդ հարցը կքննարկվի մոտ ապագայում եւ Վրաստան այցելությունն անպայման տեղի կունենա»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Նշենք, որ այդ այցի հետաձգման պատճառն, ըստ Վրաստանի կառավորթւայն ունեցած տվյալների, Վրաստանի զինված ուժերի միավորված շտաբի ղեկավարի բացակայությունն է:

Հիշեցնենք, որ Վրաստանի զինված ուժերի միավորված շտաբի ղեկավար Գեորգի Կալանդաձեն, ինչպես նաեւ 4-րդ հետեւակային բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան ու ՆԳ եւ պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել են նոյեմբերի 7-ի գիշերը: Նրանց պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանք է առաջադրվել, իսկ Ախալայային մեղադրում են նաեւ ազատությունից անօրինականորեն զրկելու եւ խոշտանգումների համար: