Ֆրանսիայում ազգությամբ հայ պատանի Րաֆֆին, ով նոյեմբերի 13-ին մասնակցել է «M6» հեռուստաալիքի «Ֆրանսիան անհավանական տաղանդներ ունի» նախագծին, անցել է կիսաեզրափակիչ՝ ստանալով երեք «այո» Սանդրին Կորմանից, Ժիլբեր Ռոզոնից եւ Դեյվայից (տեսանյութ):

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն, հայտնի «Blue Suede Shoes» երգի իր մեկնաբանությամբ, որը ժամանակին կատարել է նաեւ Էլվիս Փրեսլին, երիտասարդ Րաֆֆին կախարդել է հանդիսատեսին եւ ժյուրիին: Նա իրավունք է ստացել դեկտեմբերին մասնակցել նախագծի կիսաեզրափակչին, որտեղ մրցանակակիրների ճակատագիրը որոշելու են հեռուստադիտողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լիվրի-Գարգանում ապրող 11-ամյա Րաֆֆին, ում արդեն նկատել են «TF1»-ում, պետք է հանդես գա նոյեմբերի 13-ի երեկոյան, «Ֆրանսիան անհավանական տաղանդներ ունի» նախագծի խիստ ժյուրիի առջեւ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Րաֆֆին հանդես է եկել Երեւանում՝ Պատրիկ Ֆիորիի համերգի ժամանակ: