Սիբիրյան խոց հիվանդության ախտանշաններով ներկայումս Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում երեք հիվանդ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: Իսկ Արագածոտնի մարզի Ուշի համայնքում արձանագրված սիբիրյան խոց հիվանդության կասկածելի դեպքի լաբորատոր կրկնակի հետազոտության արդյունքում սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ  սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգն ստացվել է 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձեւի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երեւան բերված մսեղիքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ առողջապահության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է իրավիճակի վերլուծություն, որի արդյունքում անհապաղ ձեռնարկվել են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, բակային համայցեր, բնակչության իրազեկման բարձրացման նպատակով մշակվել են հուշաթերթեր, կազմակերպվել առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանեւան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ եւ հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։ Անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, հայտնաբերված 51 հիվանդն ստացել է անհրաժեշտ բուժում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվել նաեւ ՀՀ Տավուշի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: Վարակված կենդանիների եւ դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Նշենք, որ սիբիրյան խոց հիվանդության համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից խոսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել վերը նշված բոլոր համալիր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները: ԱՆ-ից վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկելի է: