Ռուսաստանի իշխանությունների որոշումը, համաձայն որի աշխատանքային միգրանտները պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնեն, անհրաժեշտությամբ է թելադրված, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը:
Նա հիշեցրեց, որ օրենքը չի վերաբերում նրանց, ովքեր հյուր են գալիս կամ այցելում են բարեկամներին: «Խոսքը բացառապես նրանց մասին է, ովքեր աշխատելու համար են գալիս»,-ասաց ՌՀՄ փոխնախագահը: Հարցին, թե ինչպես պետք է առաջիններին տարբերել երկրորդներից, Մուքանյանը նկատեց, որ խնդիր իսկապես կա: Ներկայումս միգրանտները որպես հյուր են գալիս` երեք ամիս նախատեսված ժամկետով, իսկ հետո հատելով մոտակա սահմանը, պարբերաբար թարմացնում են այն: «Խոսքը հենց տարբերակման, գործատուների պատասխանատվության խստացման մասին է, ընդ որում` խախտումների դեպքում խոսքը մեծ տուգանքների մասին է»,- հիշեցրեց Մուքանյանը` ավելացնելով, որ մյուս կողմից Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հետեւել ներգաղթյալների աշխատանքի պայմաններին: «Կարգապահ ներգաղթյալների համար այս օրենքը շահավետ է»,-եզրափակեց ՌՀՄ փոխնախագահը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, համաձայն որի օտարերկրյա ներգաղթյալները, ովքեր մասնավորապես աշխատելու են ծառայությունների, առեւտրի ոլորտներում, պետք է ռուսաց լեզվի քննություն հանձնեն:





























