Ադրբեջանցի զինվորը անհաջող դիվերսիայի արդյունքում կարող էր պայթել ականի վրա: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը պարբերաբար դիվերսիայի փորձեր է կատարում, դրանք ձախողվում են, իսկ այդ ձախողումների մասին այնտեղ, բնականաբար, լռում են:
Ընդ որում, ադրբեջանական քարոզչամեքենան այդ անհաջող դիվերսիաների զոհերը վերագրում է «ականների պայթյուններին», հրադադարի ռեժիմի խախտումներին եւ այլն:
Միաժամանակ, ռազմական փորձագետը չժխտեց ականի պայթյունից զինվորի վիրավորվելու հնարավորությունը, ասենք հատապտուղ հավաքելիս: «Սակայն, հաշվի առնելով ադրբեջանցիների ձգտումները՝ ամեն բան կապել հայերի հետ, չի բացառվում, որ զինվորի վիրավորումը ոչ մի կապ չի ունեցել ականի պայթյունի հետ»,-ընդգծեց նա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 19-ամյա Մահիր Զարբիեւը պայթել է ականի վրա, Ֆիզուլիի ուղղությամբ: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ:




























