«Թույլ տվեք չմեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին այսպես արձագանքեց լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս հնչեցրած տեսակետները՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:

«Գոյություն ունի քաղաքական տեսական բանավեճ, թե որ ընտրակարգն է առավել արդյունավետ: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս տարբեր արդյունքներ, եւ կարծում եմ՝ ամեն երկիր, իր առանձնահատկություններից ելնելով, պետք է իր համար ընդունի առավել արդյունավետ կառավարման համակարգ եւ առավել արդյունավետ ընտրական օրենսգիրք: Դրա ընդունման լավագույն ձեւը Ազգային Ժողովում քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել, եւ մենք նոր ենք ընտրական օրենսգիրքը փոփոխել»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ նախագահական ընտրություններից հետո ընտրակարգի վերաբերյալ կարելի է քաղաքական բանավեճ սկսել, բայց ընտրություններից մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին ճիշտ չէ: