Ղարաբաղյան կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի այցը Ստեփանակերտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Ես շատ տպավորված եմ խորհրդարանում խոսնակ Օրիկոյի ելույթով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կարեւոր է Ուրուգվայի դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ բանակցություններով կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ: Դա Ադրբեջանին եւ միջազգային հանրությանն ուղղված կարեւոր մեսիջ է»,-նշեց Աթանեսյանը:
Միաժամանակ, նա ընդգծեց, որ Ադրբեջանը անընդհատ տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, ինչը պետք է հանգեցներ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխության: «Մենք կարող ենք Ուրուգվայի խորհրդարանի նախագահի այցելությունը գնահատել որպես միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխություն»,-ամփոփեց Աթանեսյանը:





























