Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունն ընդդիմադիր գործիչներ Սերգեյ Ուդալցովի, Լեոնիդ Ռազվոզժաեւի, Կոնստանտին Լեբեդեւի եւ այլ անձանց դեմ Ռուսաստանի տարածքում անկարգություններ նախապատրաստելու մեղադրանքով հարուցված քրգործի շրջանակներում այսօր՝ նոյեմբերի 14-ին, հարցաքննել է Վլադիմիր Տյուրինը:
Նա օպերային երգչուհի, իսկ ներկայումս Պետդումայի պատգամավոր Մարիա Մակսակովա-Իգենբերգսի ամուսինն է, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «օրենքով գող» (մականունը՝ «Տյուրիկ»), հաղորդում է Vesti.ru-ն:
Նրան հարցաքննելու առիթ է դարձել քննության ձեռքի տակ գտնվող տեսանյութը՝ «Բողոքի անատոմիա-2» ֆիլմից, որտեղ Ռազվոզժաեւը՝ վկայակոչելով Տյորինի հետ ծանոթությունը, հայտնել է Իրկուտսկի մարզի երկաթգիծը գրավելու հնարավորության մասին (փակել տրանսսիբիրյան երկաթգիծը), ինչպես նաեւ քրեական կառուցյների օգնությամբ գրավել իշխանությունն այդ մարզում:
Հարցաքննության ընթացքում Տյուրինը քննիչին հայտնել է, որ անձամբ ծանոթ չէ Ռազվոզժաեւին, Ուդալցովին, Լեբեդեւին ու Թարգամաձեին, երբեք նրանց հետ չի հանդիպել ու չի խոսել: Միաժամանակ, Տյուրինը հայտարարել է, որ ֆիլմում իր անունը հնչեցնելը գնահատում է որպես զրպարտություն:
Այս պատմությանն արդեն արձագանքել են բազմաթիվ լրատվամիջոցներ եւ ինտերնետ օգտագործողներ: Մասնավորապես, հայտնի գլոգեր Անդրեյ Մալգինն իր «Կենդանի մատյանում» գրել է. «Ես НТВ-ի փոխարեն ձեռք չէի տա Տյուրինին, որի արտահանձնման հարցով արդեն երկար ժամանակ զբաղվում է Իսպանիան, բայց՝ անհաջող: Այս տարվա մարտին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է նրան հանձնել Իսպանիային, որտեղ նա համարվում է ռուսական մաֆիայի ղեկավար եւ անցնում է բազմաթիվ քրեական գործերով»:
Life News պորտալը՝ վկայակոչելով օպերատիվ տվյալները, հիշեցնում է, որ Տյուրին-«Տյուրիկը» եղբայրական հանցավոր խմբավորում է գլխավորել, նրան «օրենքով գող» է կարգել հայտնի «Յապոնչիկը», նա առնչություն ունի քրեական աշխարհի մեկ այլ լեգենդ «Դեդ Հասանի» հետ:





























