Լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ նյարդային ու լարված պայմաններում աշխատող Բելառուսի 58-ամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանկարծ սկսել է 45 տարեկանի տեսք ստանալ: Առաջինը դա նկատել է Պրահայում ապրող լրագրողուհի Գալինա Նաումչիկը, որի մասին գրել է Facebook-ի իր էջում:
Նաումչիկից հետո «սենսացիայի» մասին գրել է նաեւ Բելառուսի մամուլը: Մասնավորապես, ինչպես գրում է «Բելառուսկի պարտիզանը», ելնելով նախագահի լուսանկարներից, նրա ճակատին ու աչքերի շուրջ բոտոքս է արված կամ նմանատիպ դեղորայք են կիրառել, որոնք թույլ են տալիս վերացնել կնճիռները ճակատի, քթի ու շուրթերի մոտ: Բացի այդ, նվազագույնը «կտրվել են» ներքին կոպերը, քանի որ աչքերի տակի «պարկերն» այլեւս չկան:
Նաումչիկը ներկայացնում է իր վարկածը, թե ինչու է Լուկաշենկոն այդպես վարվել: Նախ, ըստ լրագրողի, եվրոպացի քաղաքական գործիչները վաղուց են օգտվում դեմքի թեթեւ պլաստիկ վիրահատություններից: Դրա վառ օրինակ է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Վերջինիս կուսակիցները բացատրում են, որ նա այդպիսի տեսք ունի, որովհետեւ ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ Բեռլուսկոնին կարող է հիվանդանալ կամ հեռանալ քաղաքական ասպարեզից, որպեսզի նրա տարիքի մասին մտքեր չծնվեն ընտրողների մոտ:
Երկրորդ, լրագրողը կարծում է, որ Մաքսային միության մյուս առաջնորդներն արդեն «ծակվել են» եւ կնճիռներով չեն զբաղվում: Խոսքը Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի մասին է, վերջինիս մասին եւս խոսում են, որ կոսմետիկ պրոցեդուրաների հանդեպ սեր ունի:
Վերջապես, Բելառուսի առաջնորդը, Նաումչիկի ներկայացմամբ, կարող է ոչ թե պարզապես «սովխոզի» տնօրենի, այլ «եվրոպացի» նախագահի իմիջ ստեղծել:





























