Վրաստանում մեծածախ առեւտրով զբաղվող ընկերությունները հայկական թռչնաֆաբրիկաների հավկիթի համար շատ ցածր գին է առաջարկեկու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց թռչնաֆաբրիկաներից մեկի վաճառքի պետը, որոնք Վրաստանից մի քանի անգամ առաջարկություն են ստացել: «Տեղի շուկան մեզ համար ավելի ձեռնտու է»,-հայտարարեց նա:
Խոշոր թռչնաֆաբրիկաներից մեկի տնօրենը մասնավոր զրույցում նշեց, որ առաջարկվում է չափազանց ցածր գին` 30-32 դրամ, այն դեպքում, երբ ինքնարժեքը 40-ի մակարդակի վրա է: Թեեւ թռչնաֆաբրիկաներն արտադրանքի ավելցուկ ունեն արդեն հիմա, սակայն ինքնարժեքից ցածր վաճառքի ոչ ոք պատրաստ չէ: «Մենք կարող էինք դա անել եւ ինքնարժեքով` արտաքին շուկայում ամրապնդվելու համար: Սակայն ի վնաս մեզ աշխատել չենք կարող»,-նշեց թռչնաֆաբրիկայի տնօրենը:
Նրա խոսքով` Վրաստանում հավկիթի մանրածախ գինն ավելին է, քան Հայաստանում` հատը 70-72 դրամ: «Հետեւաբար, նրանք կարող էին մեզնից եւ թանկ վերցնել, սակայն ցածր մարժայով ոչ ոք չի պատրաստվում աշխատել»,-հայտարարեց նա:





























