Շիզոֆրենիայի հարցերով անկախ հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Մեծ Բրիտանիան ոչ միայն տարեկան 12 մլրդ ֆունթ սթերլինգ է ծախսում շիզոֆրենիայով հիվանդների վրա, այլեւ այդ միջոցները շատ արդյունավետ է ծախսում, հաղորդում է The Guardian-ը:
Այսպես, օրինակ ըստ BBC News-ի տվյալների, հատուկ առանձնացված հիվանդասենյակում հիվանդին պահելու միջին արժեքը օրական 321 ֆունթ է: Հիվանդները սովորաբար նման հաստատություններում են հայտնվում 38 օրով, եւ այսպիսով մեկ հիվանդը պետության վրա նստում է 12 հազար ֆունթ:
Զեկույցի հեղինակները համարում են, որ միջոցների 19 տոկոսը ծախսվում է հիվանդներին հատուկ հաստատություններում պահելու վրա, որտեղ նրանք գտնվում են հսկողության տակ: Փորձագետների կարծիքով, միտքը, որ շիզոֆրենիկներին պետք է առանձնացնել հասարակությունից, սխալ է. հիվանդները միայն հազվադեպ դեպքերում են վտանգավոր, փոխարենը իրենք են հաճախ հարձակումների թիրախ դառնում, հաղորդում է Lenta.ru-ն:
Շատ հիվանդների այդ հաստատություններում պարզապես հաբեր են տալիս եւ առաջարկում հեռուստացույց դիտել, փոխանակ նրանց հոգեբանական օգնություն ցուցաբերեն: Մասնագետները կարծում են, որ հոգեբուժարաններում բուժման մեթոդները հանգեցնում են հիվանդների վիճակի վատթարացման եւ պետք է արմատապես փոխել նման հիվանդներին բժշկական օգնության համակարգը:
Շիզոֆրենիայով Անգլիայում տառապում է ավելի քան 220 հազար մարդ:




























