Հաքերները Skype-ի անհատական հաշիվներ թափանցելու հասարակ ձեւ են գտել։ Նրանք պարզել են, որ դրա համար անհրաժեշտ է իմանալ այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով բացվել է անհատական հաշիվը։

Բանաձեւը հետեւյալն է։ Հաշիվ կոտրողը Skype-ում նոր հաշիվ բացելիս, նշել է իր զոհի էլեկտրոնային փոստի հասցեն, հետո, օգտվելով գաղտնաբառի փոխարինման ֆունկցիայից, նշել է ուրիշ էլեկտրոնային փոստ եւ ստացել նոր գաղտնաբառը, դրանով ձեռք բերելով ամբողջական հասանելիություն զոհի Skype-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է CNN-ը, այս բացթողնման (բագի) մասին ռուսական ֆորումներում քննարկումներ են ընթացել դեռեւս 2 ամիս առաջ, բայց ընկերությունը ուշադրություն չի դարձրել դրանց վրա։ Միայն նոյեմբերի 14-ին Reddit եւ The Next Web բլոգերում թեմային անդրադառնալուց հետո է Microsoft-ը քայլեր ձեռնարկել։ Այժմ ընկերության ծրագրավորողները պարզապես անջատել են Skype-ում գաղտնաբառի փոխարինման հնարավորությունը, եւ փորձում են շտկել ծրագրային բացթողումը։

Skype-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ գաղտնաբառերի հետ կապված խնդիրն արդեն շտկված է, եւ այժմ աշխատում են կոտրված հաշիվների տերերի հետ կապ հաստատելու ուղղությամբ։