ՄԱԿ-ի ԱԽ-ն Գազայի հատվածում իրադրության հարցի քննարկման համար արտակարգ նիստ է հրավիրել, հայտնում է ՄԱԿ-ում ֆրանսիական առաքելությունը: Ֆրանսիան անհանգստացած է Գազայում եւ Իսրայելի հարավում իրադրության վատացմամբ եւ կողմերին կոչ է անում զերծ մնալ բռնության ցանկացած դրսեւորումից, ասված է հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, հաղորդում է Reuters-ը:
ԱԽ-ի նիստ են նշանակել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում պաղեստինցի դիտորդ Ռիյադ Մանսուրը ԱԽ-ին կոչ է արել արտահայտել Իսրայելի գործողությունների վերաբերյալ դիրքորոշումը, որոնք նա անվանել էր «ապօրինի քրեական գործողություններ»:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Իսրայելի քաղաքացիների հրթիռային հրաձգությունները:
Ինչպես հայտնում է BFM.RU-ն, արտակարգ նիստում Իսրայելի կառավարությունը պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին թույլ է տվել անհրաժեշտության դեպքում հավաքագրել պահեստայիններին: Կառավարությունը նաեւ որոշել է, որ բանակը պետք է շարունակի հակաահաբեկչական գործողությունները: Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին եւ այլ ահաբեկիչներին հստակ ուղերձ է հղել: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում գործողությունը կընդլայնվի:
Հիշեցնենք, որ իրադրությունը սրվել էր նախորդ շաբաթ: Նոյեմբերի 14-ին Իսրայելն սկսել էր լայնածավալ ռազմական գործողություն ծավալել ՀԱՄԱՍ-ի դեմ: Հրթիռային հարվածի հետեւանքով ոչնչացվել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Ահմեդ ալ Ջաբարին եւ եւս մեկ գրոհային:
Արաբական երկրները դատապարտել էին Իսրայելի գործողությունները, Եգիպտոսը հետ էր կանչել իր դեսպանին: ԱՄՆ-ն «ՀԱՄԱՍ»-ին կոչ էր արել դադարեցնել Իսրայելի վրա հարձակումը: Այնտեղ դատապարտել են Գազայի հատվածից հարձակումները:




























