«Կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսը կոտրել է գլուխը` խփելով բանտախցի պատին: Հոլմսը տեղափոխվել է բանտի հիվանդանոց: Նրա վնասվածքների ծանրության, ինչպես նաեւ գլուխը խփելու պատճառների մասին չի հաղորդվում:
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, դրա հետ կապված Հոլմսի պաշտպանությունը խնդրել է տեղափոխել հերթական լսումները, որոնք նախատեսված էին առաջիկա հինգշաբթի: Դատարանը համաձայնել է փաստաբանների փաստարկներին եւ լսումները նշանակել դեկտեմբերի 10-ին, հայտնում է «lenta.ru»-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 20-ին Դենվերի մերձակայքի Ավրորա քաղաքի Century 16 Movie կինոթատրոնում զանգվածային սպանություն էր տեղի ունեցել: Կոլորադոյի համալսարանի PhD ֆակուլտետի նյարդաբանության բաժնի ուսանող 24-ամյա ամերիկացի Ջեյմս Հոլմսը Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ հրաձգություն էր սկսել: Մահացել էին 12 մարդ, եւս 58-ը՝ վիրավորվել, 11-ը ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց:
«Հրաձգին» անմիջապես ձերբակալել էին: Ջեյմս Հոլմսն իրեն անվանել էր Ջոքեր` ֆիլմում Բեթմենի երդվյալ թշնամին:
142 կետից բաղկացած պաշտոնական մեղադրանքները Հոլմսին ներկայացվել են հուլիսի 30-ին: Հոլմսի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալն ունի հոգեկան շեղում: Իսկ օգոստոսի սկզբին էլ պարզ էր դարձել, որ Հոլմսի հոգեբույժը դեռեւս մինչեւ կինոթատրոնի հրաձգությունը իր գործընկերներին հայտարարել էր, որ տղայի պահվածքն անհանգստացնում է իրեն: Սակայն այն ժամանակ ոչ մի միջոց չէր ձեռնարկվել:




























