ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսի սիրուհի, լրագրող Պոլա Բրոդուելի տնից առգրավված համակարգչում ՀԴԲ-ի աշխատակիցները գաղտնի որոշ նյութեր են գտել, որոնք նրան հասանելի չէին կարող լինել:
Փաստաթղթերի բովանդակությունը չի հստակեցվում, բայց արդեն հայտնի է, որ Բրոդուելին կարող են մեղադրանք ներկայացնել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ըստ ՀԴԲ-ի աշխատակիցների՝ գտնված նյութերի ծավալը հետաքննությունը շարունակելու բավարար հիմք է, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Գործի մյուս մասնակցուհի Ջիլ Քելիի նկատմամբ եւս սահմանափակող միջոցառումներ են կիրառվել: Նա զրկված է Թամփայի Մաքդիլի ռազմաօդային ուժեր մուտք գործելու իրավունքից, որտեղ աշխատում էր կամավոր հիմունքներով եւ բարձրագույն հրամանատարության համար խնջույքների կազմակերպման հարցերով էր զբաղվում:
Դեւիդ Պետրեուսը նոյեմբերի 16-ին ելույթ կունենա Սենատի լսումներում, որոնք նվիրված են վերջերս Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա կատարված հարձակմանը: Հետախուզության հանձնաժողովում լսումները կանցկացվեն փակ ընթացակարգով:
ԿՀՎ-ի ղեկավարը հրաժարական էր տվել նոյեմբերի 10-ին՝ Պոլա Բրոդուելի հետ սիրային կապի պատճառով: Նրանց կապը բացահայտվել էր գեներալի ընտանեկան ընկեր 37-ամյա Ջիլ Քելիի ներկայացրած բողոքից հետ: Նա Բրոդուելից իր հասցեին սպառնալիքներ պարունակող նամակներ էր ստացել:




























