«Վրացական երազանք» խմբակցության պատգամավորները նախագահ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժմանը» մեղադրել են Վրաստանի իրադարձությունների մասին ՆԱՏՕ-ին «աղավաղված եւ միակողմանի» տեղեկատվություն ներկայացնելու համար
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեի, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի եւ Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեի ստորագրած հայտարարությունում ասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենի հայտարարության եւ ՆԱՏՕ-ի ընդունած բանաձեւի համար հիմք են ծառայել «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչների տրամադրած աղավաղված տեղեկատվությունը եւ միակողմանի գնահատականները:
Դրա հետեւանքով ՆԱՏՕ-ի ԽՎ-ի բանաձեւը քննադատություն է պարունակում, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:
Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը մտահոգություն էր հայտնել Վրաստանում դեպքերի զարգացումների, մասնավորապես՝ երկրում ընդդիմադիրների ձերբակալությունների կապակցությամբ:
Նույն օրը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ էր ընդունել, որի մի հատվածը վերաբերում է Վրաստանին: Բանաձեւում մտահոգություն է հայտնվում ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ գործադրվող ճնշումների վերաբերյալ եւ նոր կառավարությանը կոչ է արվում զերծ մնալ քաղաքական բանտարկություններից»:




























