Մուրմանսկում նավաստիներից մեկը դանակահարել է ձկնորսական նավի նավապետի ավագ օգնականին: Չարագործը անձնակազմի անդամին պատանդ է վերցրել եւ պահանջել դադարեցնել ձկնաորսը եւ նավը վերադարձնել նավահանգիստ:
Նավը գտնվել է Բարենցի ծովում՝ ափից 140 մղոն հեռավորության վրա: Հանցագործը ավագ օգնականի հետ փակվել է վերջինիս խցիկում, նա զինված է եղել դանակով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Նավաստու սպառնալիքներից վախեցած նավապետը համաձայնել է հետադարձ ուղղություն վերցրել դեպի Մուրմասնկ: Բայց քանի որ խցում փակված պատանդն այլեւս չեր արձագանքում, նավաստիները որոշել են գրոհել: Նրանք կոտրել են խցիկի դուռը, հետո հրշեջական խողովակներով փրփուր լցրել չարագործի վրա, բայց վերջինս արդեն կատարել էր իր սեւ գործը: Նա ամբողջությամբ արյունոտված էր, իսկ կողքին պառկած էր ավագ օգնականը, որին դանակի մի քանի հարված էր հասցրել:
Երբ նավը հասել է նավահանգիստ, նավաստուն հանձնել են ոստիկաններին: Ձերբակալվածը չի կարողացել կապակցված կերպով բացատրել արարքը: Այժմ նա պետք է մեղսունակության փորձաքննություն անցնի:





























